Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մտափոխվել է և չի առաջադրելու իր թեկնածությունը դեկտեմբերի 2-ին կայանալիք թիվ 1 ընտրատարածքում (ընդգրկում է Ավան համայնքը և Նոր Նորքի մի հատվածը – խմբ.) կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա ասել է «168 ժամ» պարբերականի հետ զրույցում:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում իրենց առաջադրման մասին արդեն հայտարարել են ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և «Ժառանգություն»կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Հովհաննիսյանը բացատրել է՝ ինչով է պայմանավորված առաջադրումից հրաժարվելը.
«Երբ հայտարարեցի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մասին, քննիչից պահանջ ստացա՝ ներկայանալու, ցուցմունքներ տալու, անգամ առերեսման՝ մոռացված քրեական ու երկու քաղաքացիական գործերով (Հովհաննիսյանը չի նշել կոնկրետ ինչ գործեր են դրանք – խմբ.): Ինձ կանգնեցրել են դաժան ընտրության առջև՝ կա՛մ հրաժարվեմ իմ մտադրությունից, կա՛մ կենթարկվեմ բիրտ ճնշումների՝ վտանգելով ՀՔՄ հետագա գործունեությունը», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ցանկանում տեսնել իրեն ԱԺ-ում անկախ պատգամավորի կարգավիճակում:
«Ժողովրդին բացեիբաց ասում են՝ ԱԺ-ն իրենց դուքյանն է և անցանկալիների մուտքն արգելվում է», – նշել է ՀՔՄ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին եղել է մեծամասնական կարգով ԲՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում, սակայն հետագայում ԲՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաշարվել է մանդատից:
«Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:
Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում», – ասել էր Հովհաննիսյանը: