«Գոմեշի մսի» գործով ձերբակալված և որպես մեղադրյալ ներգրավված Ալբերտ Օհանջանյանը` Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը, այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին: Նշենք, որ խնդիրը կապված է բանակին մատակարարված Հդկաստանից ներմուծված սառեցված գոմեշի մսի, և ոչ թե տեղական արտադրության թարմ մսի հետ:
Թերթը նշում է, որ Օհանջանյանի ընկերությունը գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ «Ժողովրդի» աղբյուրների՝ Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է` իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի:
Թերթը փորձել է լուրը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, ասել է. «Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք», ապա անջատել է հեռախոսը:
«Ժողովուրդը» նշում է նաև, որ ՀՀ հլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում սեպտեմբերին աշխատանքից ազատվել են, և այժմ նա գտնվում է երկրից դուրս, ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը և սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ: