Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում պաշտպանել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի Վյաչեսլավ Կովալենկոյին, բայց նա «ճիշտ բան է ասել»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանն այսպես է մեկնաբանել Կովալենկոյի կարծիքը Հայաստանում գործող «Համերկրարցիներ» ծրագրի մասին: Դեսպանն ասել էր, որ մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ այդ ծրագրի պատճառով, և արտագաղթ կլինի անգամ եթե ծրագիրը փակվի:
«Ռուսաստանը իր ծրագիրն ունի, եթե մեր շահերից բխում է նրանց հետ համագործակցել, ուրեմն պետք է համագործակցենք: Մենք միշտք պետք է մեր շահերի թելադրանքով շարժվենք: Իսկապես, պետք չէ Ռուսաստանին մեղադրենք: Այլ մեզ, ես ինձ եմ մեղադրում: Մարդիկ այդ ծրագրով գնում են, շատ ավելի վատ պայմաններում են աշխատում, քան Հայաստանում, բայց գնում են»,- ասել է Արա Աբրահամյանը՝ նկատելով, որ պետք է աշխատատեղեր ստեղծել, որպեսզի հակառակ գործընթացը սկսվի՝ մարդիկ վերադառնան:
Աբրահամյանն ասել է, որ անընդհատ հիշեցնում է Ռուսաստանի իշխանություններին, որ մենք՝ Հայաստանը և Արցախը, Ռուսաստանի գործընկերն ենք և պետք է ուշադրություն դարձնել նաև Արցախում բնակիչների համար ապրելու պայմաններ ապահովելու մասին:
Ռուսաստսանի հայերի միության նախագահը նաև անդրադարձել է մամուլում իր անունից ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պաշտպանելու մասին տարածված հայտարարությանը: Աբրահամյանի խոսքով՝ ինքն իրականում նման հայտարարություն չի տարածել:
«Ռուսաստանի հայերի միությունը միշտ եղել է Սերժ Սարգսյանի կողքին ու կլինի: Մենք չպետք է քննադատենք ոչնչացնելու համար, այլ ուղղելու: Վարդան Օսկանյանի դեպքը շատ վատն է: Մեր երկրին պատիվ չի բերում: Բայց պետք է սպասենք ու տեսնենք՝ ինչ ընթացք է ստանում այն դատարանում»,- ասել է բանախոսը: