Home / Տեսանյութեր / Գյումրիի քաղաքապետի թիկնազորը մա՞րդ է ծեծել. Ոստիկանությունը խոստանում է զբաղվել

Գյումրիի քաղաքապետի թիկնազորը մա՞րդ է ծեծել. Ոստիկանությունը խոստանում է զբաղվել

Հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին և Ռուբենին, հաղորդում է galatv.am-ը:

Ըստ հեռուստաընկերության կայքի տեղեկությունների՝ նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների՝ կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաև հարեւանների աչքի առաջ:

Դեպքը, ինչպես պատմել են Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը:

Gala TV-ին տեղեկությունը երեկ երեկոյան փորձեցինք ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, ով տեղեկացրել է, որ միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի:

«Ես զանգահարեցի նաև Գյումրի քաղաքի ոստիկանապետին, իրանք էլ նման տեղեկություն չունեն, բողոքող ու հիվանդանոց դիմողներ չկան, բայց ես հանձնարարել եմ վաղը զբաղվել այդ գործով», – ասել է Բաբակեխյանը:

«Էդ տեղեկությունը դուք տարածել եք, զանգել եք պարոն Բաբակեխյանին, նա էլ ձեզ մեկնաբանել ա»,- galatv.am-ին այսօր ասել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա շեշտել է նաև, որ նման տեղեկություն, թե Բալասանյանի թիկնազորի անդամները մարդ են ծեծել, ՀՀ ոստիկանությունը չունի և այդ մասին տեղեկացել է galatv.am-ից ու մյուս հրապարակումներից: