Չնայած հայ-ռուսաստանյան համագործակցությունը ընթացքը հաջողված է, բայց տրանսպորտի ոլորտում այս պահին Երևանից դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Կա երրորդ պետություն՝ Վրաստան: Խոչընդոտն այն է, որ մենք միշտ թույլտվություն ենք վերցրել ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունից՝ Հայաստան-Ռուսաստան ուղևորափոխադրումներ կատարելու համար: Այսօր մենք համաձայնեցրեցինք այդ հարցը, որպեսզի մեր մեքենաները կարողանան առանց խոչընդոտների գնան դեպի Ռուսաստան և Ռուսաստանից հետ գան: 10 օր հետո Մաքսիմ Սոկոլովը (ՌԴ կապի և տրանսպորտի նախարար-խմբ.) ինձ պատասխան կտա, այնտեղ իրենք հանձնարարականներ կտան և ընդհանրապես արդեն այդ խնդիրը չի լինի»,- հավաստիացրել է նախարարը:
Նա նշել է, որ այս խնդիրը ոչ բոլորը գիտեն Հայաստանում, խնդրի մասին տեղյակ են այն ուղևորները, որոնք գնում են Ռուսաստան և հետ են գալիս, և ամեն օր այդ խնդրին առնչվում են:
Այն հարցին, թե ինչու է հատկապես Հյուսիսային Կովկաս հայկական մեքենաներ մուտք գործելը պարտադիր կատարվում կաշառքի միջոցով, նախարարը պատասխանել է, որ եթե ՌԴ կապի և տրանսպորտի նախարարության կողմից մշտական թույլտվությունը տրվի, ապա սահմանը հատողները կաշառքներ երբեք չեն տա: