ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում բացված Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի ժամանակ խոսել է տնտեսության մարտահրավերների մասին:
«Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարևոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին», – ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության կայքի համաձայն, այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, և դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»: