Միանշանակ է, որ եկեղեցին չպետք լինի քաղաքականացված, բայց եկեղեցին պետք է հետամուտ լինի արդարությանը և պետք է հասարակական-հանրային կյանքից դուրս չմնա: Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու այսօրվա վիճակի մասին՝ Epress.am-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան (լուսանկարում):
«Մենք հաճախ Գարեգին Բ-ին տեսնում ենք նախագահի նստավայրում, ԱԺ-ում, կառավարության շենքում, քաղաքապետարանում և այլ պաշտոնական վայրերում: Այս տարիների ընթացքում ինքը միշտ իշխանության կողքին է, բայց երբեք ժողովրդի հետ չէ: Մի հանրահավաքի տեսե՞լ եք իրեն: Որևէ հասարակական նախաձեռնության նա երբեք չի օժանդակում իր հովվապետական խոսքով, օրինակ, բնապահպանների հարցով, կրպակների ապամոնտաժման հարցով, կամ կինոթատրոնի քանդման հարցով: Նա պետք է պաշտպաներ նաև մայրենի լեզուն օտարալեզու դպրոցներից: Նա կառավարության հովանավորն է, և ոչ թե իր հոտի զավակների: Կամ որ գա և հանգստացնի կրքերը, օրինակ 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի ժամանակ, կամ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա չի գնացել այնտեղ», – ասել է քահանան:
Տեր Սահակի խոսքով՝ քանի որ մեր երկրում օրինականությունն իսպառ բացակայում է, ոչ մի ոլորտ, ոչ մի բնագավառ այսօր առողջ չէ, եկեղեցին, ընկնելով այդ խաղի մեջ, դառնում է պետական ապարատի կցորդը:
«Եվ բնականաբար շեղվելով իր առաքելությունից՝ եկեղեցին զբաղվում է բիզնեսով և դա նշանակում է, որ նա իր ուղղակի պարտականությունները այսօր չի կատարում: Սա բացասական դեր է խաղում և հոտը հեռանում է եկեղեցուց և գնում է դեպի աղանդավորականները:
Ժողովուրդը հովվապետի մեջ ուզում է տեսնել Հայրիկ, ինչպիսին եղել են մեր նորագույն եկեղեցու պատմության մեջ երջանկահիշատակ Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին կաթողիկոսները», – ասել է Տեր Սահակը:
Նա ասել է, որ 2008 թվականի Սուրբ Հարության տոնին Գարեգին Բ-ն, փոխանակ հանդես գար քաղբանտարկյալների ազատության կոչով, սկսել է ծանր խոսքեր ասել՝ հասցեագրված ժողովրդին: Տեր Սահակի խոսքով՝ դրա փոխարեն Կաթողիկոսը պետք է այդ խոսքերը հասցեագրեր իշխանություններին և նրանց նախատեր:
«Այս բոլորը ոչ այլ ինչ է, եթե ոչ կողմնապահություն: Երբ որ մի աղքատ մարդ գալիս է, օգնության համար՝ հոգևոր, թե նյութական, անգամ Էջմիածին, այդ մարդուն վռնդում են և ասում են, որ մենք ժամանակ չունենք: Բայց երբ որ այս քրեաօլիգարխիկ համակարգից մեկը գա, որը լավ փող ունի և ասի՝ «գնանք ինչ-որ մի արարողության», անմիջապես կգնան: Հովիվը ժողովրդի հոգսերով պետք է ապրի: Եվ ինչպես Սուրբ գիրքն է ասում, քաջ հովիվը իր աձն է դնում ոչխարներու համար», – ասել է Տեր Սահակը:
Վերջինս նշել է, որ Հայաստանում այսօր մի տարօրինակ հասարակարգ է, որը նման է ստրկատիրական հասարակարգի, քանի որ մարդիկ իրավունք չունեն ոչ մի բանի, և հլու-հնազանդ, բերանը բաց նայում են, թե որ օլիգարխը՝ ինչ է իրենց ասում:
«Եվ կուռքեր են ստեղծում իրենց համար: Մի կին խորհրդարանական ընտրություններից առաջ հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա և հայտարարում էր, որ Քրիստոսից հետո իրեն համար Սամվել Ալեքսանյանն է: Օլիգարխները այնքան են ստորացնում և նվաստացնում մեր ժողովրդի չքավոր զանգվածը, որը բավական մեծ է Հայաստանում, որ նրանք հազար դրամի ակնկալիք ունենալով՝ վերջիններիս աստվածացնում են և զօր ու գիշեր խնկարկում են իրենց և ծնկաչոք են լինում նրանց առջև: Սա գալիս է իշխանություններից, որոնք բազմացրել են այս աղքատ երկրում օլիգարխիան: Եթե ունենանք առողջ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն՝ նման բան չի լինի, մթնոլորտը կփոխվի»,- ասել է Տեր Սահակը:
Բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն, մինչդեռ, հոգևորականի կարծիքով, եթե այսօր օլիգարխի տղան հանցագործություն կատարի, ոստիկանները կվախենան մոտենալ նրան, որովհետև նրանք հրահանգ ունեն: Իսկ խեղճ մեկին փոքր զանցանք գործելու դեպքում բանտ կտանեն կամ ոստիկանությունում ծեծ ու ջարդի ենթարկեն:
«Օրինակ, ինչպես այսօր Վարդան Օսկանյանին քավության նոխազ են դարձրել և փորձում են բոլոր հանցանքները այդ մարդու վզին փաթաթել: Ես չեմ կարծում, որ «Սիվիլիթաս» հիմնադրամն այսքան մեծ դեր է խաղում այս կոռումպացված երկրում», – ասել է Տեր Սահակը:
Նա նաև հավելել է, որ եթե ուշադրություն են դարձնում նման հարցերին, ինչո՞ւ չեն ստուգում, օրինակ, եկեղեցին, գուցե ավելի հետաքրքիր բաներ կգտնեն այնտեղ:
«Այս գողական պահերը եթե դուրս գան, կներեք, որ այսպես եմ արտահայտվում, բայց ուրիշ խոսք չկա, երկիրը կդառնա երկիր:
Երբ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որակավորեց Հայաստանի ներկայիս վիճակը որպես ավազակապետություն… լսելով այս գնահատականը՝ իմ մեջ հույս արթնացավ, որ նրա գնահատականներից հետո մեր հասարակությունը հետևություններ է անելու և փորձելու է մթնոլորտը փոխել: Կարծես այս բառը մեր իրականությունն է արտացոլում, սա բնորոշ է մեզ բոլոր բնագավառներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր: Ասյօր մենք պատասխանատու ենք, որ բուժենք մեր երկիրը», – ասել է Տեր Սահակը:
Հավելելով խոսքը՝ հոգևորականը Սուրբ գրքից մեջբերել է Պողոս Առաքյալի խոսքերը.
«Երբ որ մարմնի մեկ անդամ ցավ է զգում, նրա հետ մարմնի բոլոր անդամներն են ցավ զգում և երբ որ մեկ անդամ փառավորվում է, նրա հետ փառավորվում է ամբողջ մարմինը»: