Հոկտեմբերի 10-14 –ը Բուլղարիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Եվրոպայի երիտասարդ լիբերալների ընկերության համաժողովում ՀՀՇ երիտասարդական միությունը միաձայն ընտրվել է այդ կազմակարեպության լիիրավ անդամ:
Համաժողովին ՀՀՇ երիտասարդական կազմակերպությունից մասնակցել է կուսակցության երիտասարդական կազմակերպության գործադիր խորհրդի անդամ և արտաքին կապերի պատասխանատու Եվա Թովմասյանը, ով այսօր է վերադարձել Բուլղարիայից: Համաժողովի ժամանակ ՀՀՇ-ի երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է հրատապ բանաձև, որը վերաբերվում է Հայաստանի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցմանը:
Բանաձևի կետերն են՝ Հայաստանում ազատ հասարակության զարգացման համար քաղաքական պլյուրալիզմի կարևորությունը, ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Առաքելյանի շարունակական կալանքը և մյուս երեք հայ ակտիվիստների քաղաքական հետապնդումները:
Եվա Թովմասյանը, ով 2011 թվականի օգոստոսի 9-ին միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստների հետ է եղել, համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչպես է իրականում եղել դեպքը:
«Եվրոպայի բնակչի համար մի աբսուրդ երևույթ է, երբ պատմում ես, որ ոստիկանը քեզ մատնացույց է անում, և ասում է՝ կներեք, պետք է մեջ բերեմ, «ընդդիմություն է, բերեք սրան ռադ անենք մեջտեղից»: Բոլորը, իհարկե, շատ զարմացած էին այդ պատմությունից և որոշեցին, որ ազատամիտ երիտասարդները ոչ մի կերպ իրավունք չունենք անուշադրության մատնել այդ խնդիրը, ու էլի միաձայն քվեարկությամբ մեր բանաձևն անցավ»,- ասել է Եվա Թովմասյանը:
Բացի դա, Եվրոպայի լիբերալ երիտասարդական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, կոչ է արվում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և դադարեցնել երեք այլ երիտասարդ ակտիվիստների՝ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի քաղաքական հետապնդումները: Բացի դա, պահանջում են Եվրոպայի լիբերալներից և Եվրոպական այլ կուսակցություններից Հայաստանի իշխանությունների հետ նիստերի և երկխոսությունների ժամանակ անդրադարնալ այս հարցին՝ իբրև առաջնային: ՀՀՇ-ի երիտասարդները վստահ են, որ այս բանաձևն արդյունք է տալու, քանի որ Տիգրան Առաքելյանին նախորդ անգամ դարձյալ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալելուց հետո, այս նույն կազմակերպության կողմից ընդունված բանաձևից հետո ազատ էին արձակել: