Գրականգետ Դավիթ Գասպարյանի խմբագրությամբ պետական պատվերով տպագրված գիրքը դրվել է արգելանքի տակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Գասպարյանը նշել է, որ «Գիրք մնացորդաց»-ում զետեղված են Եղիշե Չարենցի ստեղծագործությունները, որի ներածականում գրված ինչ-ինչ մտքեր դժգոհություն են առաջցրել Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի մոտ, և վերջինս այդ մասին նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո 500 տպաքանակ ունեցող գրքի վրա կալանք է դրվել:
Դավիթ Գասպարյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ բացատրելով խնդիրը: Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության պայմաններում գիրքը արգելանքի տակ դնել չի կարելի:
Գասպարյանը, սակայն, չգիտի, թե Չարենցի դուստրը կոնկրետ ինչից է դժգոհ, իսկ ինքը չի ցանկանում պարզել՝ նշելով՝ «թող ինքը գա և ասի ինչից է դժգոհում»:
«Այս գիրքը իմ 15 տարվա աշխատանքի արդյունքն է: Նյութերը իմի են բերված Հայաստանի տարբեր արխիվներից, իսկ բուն գրական մասը, պոեմները և բանաստեղծություններն այն նյութերն են, որ պետությունը 2008 թվականին գնեց Գևորգ Էմինի որդուց՝ Արտաշես Էմինից: Այդ գնված նյութերի մի մասը պահվում է գրականության և արվեստի թանգարանում, մի մասը Մատենադարանում», – ասել է Գասպարյանը:
Ասուլիսն ներկա արվեստագետ Լիլիթ Պիպոյանը, ինչպես նաև մասնակից լրագրողները երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչից է դժգոհում Չարենցի դուստրը, սակայն Գասպարյանն էլ պնդում է, որ ինքը տեղյակ չէ:
Գրականագետը նշել է, որ վիրավորված է Անահիտ Չարենցից, քանի որ այդ միջադեպից մեկ շաբաթ առաջ իրենք միասին Գյումրիում խմել են Չարենցի կենացը, իսկ Չարենցի դուստրն այդ ժամանակ ոչ մի բառ չի ասել, թե դժգոհ է:
Գասպարյանը տեղի ունեցածը գնահատում է թիկունքից հարված: Նա նշել է, որ, այնուամենայնիվ, չի պատրաստվում ոչ մի տառ անգամ փոխել գրքում: