ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտն է, իսկ մնացած թեկնածուները երկրորդ տեղի համար են պայքարելու, ինքնախոստովանություն է՝ ընտրակեղծարար լինելու մասին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Շարմազանովը նման հայտարարություններ անում է այն պատճառով, որ ինքը համարում է, որ մոտ կես միլիոն կամ 700 000 ձայն իրենք արդեն ունեն իրենց գրպանում: Շարմազանովը շատ լավ գիտի՝ ինչ կեղծիքների ռեսուրսների տեր մարդիկ են իրենք, և, բնականաբար, իր հայտարարությունը միայն դա է նշանակում:
Հենց դա բացահայտում է այս իշխանությունների ոչ դեմոկրատական բնույթը, որովհետև որևէ դեմոկրատական պետությունում նման հայտարարություն ուղղակի չէր կարող հնչել: Դեմոկրատիայի հենց ամենակարևոր հատկություններից մեկն էլ այն է, որ դեմոկրատական ընտրություննրի պարագայում ոչ մի քաղաքական ուժ մինչև վերջ չի կարող համոզված լինել, որ ինքը շահելու է ժողովրդի աջակցությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ հազար ու մի շրջադարձ կարող է լինել դեմոկրատական ընտրությունների ժամանակ, և երբ իշխող ուժի ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, ապա ինքը, ըստ էության, ասում է հետևյալը.
«Մենք ավտորիտար պետություն ենք, որը կեղծում է ընտրությունները, ուստի ոչ ոք չունի շանս մեր թեկնածուին հաղթելու»:
«Սա է իր պնդման ամբողջ իմաստը», – եզրափակել է ՀԱԿ համակարգողը: