«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը, որում, ըստ թերթի, ռազմական գերատեսչության ներկայացուցիչը մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ գլխավոր գերագույն հրամանտար Սերժ Սարգսյանի հասցեին:
«Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են», – ասել է Հովհաննիսյանը:
Թերթը նշում է, որ ժամանակին զինված ուժերում սննդի որակը վատ է եղել ու դա հայտնի է ամենքին և հիշեցնում է, թե ով է ղեկավարել ՊՆ-ն 90-ականներին և 2000-ականների սկզբին:
«1991-1992թթ. նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այնուհետև 1 տարով՝ Վազգեն Մանուկյանը, 1992-1993-ին՝ Նորատ Տեր-Գրիզորյանցը (ժամանակավոր պաշտոնակատար), 1993-1995-ին՝ Սերժ Սարգսյանը, 1995-1999-ին` Վազգեն Սարգսյանը, ապա՝ 1 տարով Վաղարշակ Հարությունյանը ու ևս 7 տարի՝ 2000-2007 թվականներին, կրկին Սերժ Սարգսյանը: Փաստորեն, ՀՀ ՊՆ խոսնակն առանց անուն տալու, բայց ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ ամենաերկարը հենց նա է պաշտոնավարել՝ 10 տարի», – գրում է թերթը: