Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագիծը ԱԺ-ում դրվել է շրջանառության մեջ և 20 օրվա ընթացքում պարզ կլինի կընդունվի այն, թե ոչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով ղեկավարում է «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը, Epress.am-ին ասել է, որ իրենք սպասում են, թե երբ նախագիծը կդրվի քննարկման, որպեսզի կազմակերպեն իրենց հետագա գործողությունները:
«Սպասում ենք, տեսնենք, թե բացի Հայ Ազգային Կոնգրեսից, մյուս կուսակցությունները ինչ դիրքորոշում ունեն մարտի 1-ի նոր հանձնաժողովի վերաբերյալ: Գտնում եմ, որ բոլոր կուսակցությունները՝ անգամ ՀՀԿ-ն, պետք է շահագրգիռ լինեն այդ հարցի քննարկման, հարցը վերջապես արդարացի լուծելու համար, եթե իրոք իրենց հայտարարություններում իրենք էդպես են ներկայացնում»,- ասել է Ալլա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկեց այդ նախագծին, ապա դրանով կապացուցի զոհերի ծնողներին, որ ակտիվ գործունեություն է ունեցել մարտի 1-ի սպանդի ժամանակ: