Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայ-ամերիկյան խորհուրդը զորակցում է Միացյալ Նահանգների գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ընտրապայքարին և ամերիկահայությանը կոչ է անում նոյեմբերի 6-ի ընտրություններում քվեարկել նրա վերընտրության օգտին։
Իր հայտարարությունում թվարկելով պաշտոնավարման չորս տարիներին նախագահ Օբամայի ձեռքբերումները տնտեսական, սոցիալական, առողջապահական, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառներում, ՍԴՀԿ-ի` Լոս Անջելեսում տեղակայված խորհուրդը նշում է. «Օբամայի վարչակարգը ջատագովեց Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և ազատությունների պաշտպանությունը: Ղարաբաղյան հարցի գծով քննադատեց Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները ու շարունակեց պաշտպանել հարցը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը: Ամերիկահայության համար գլխավոր մտահոգությունը մնում է, անշուշտ, Ցեղասպանության ճանաչման հարցը: Նախագահ Օբաման թեև չկարողացավ հարգել իր խոստումը, սակայն Ապրիլի 24-ի իր հայտարարություններում, տարբերվելով իր նախորդներից, առաջին անգամ գործածեց «Մեծ Եղեռն» եզրը: Ավելին, նա Թուրքիայի իորհրդարանի առջև ելույթ ունենալով` կոչ արեց Թուրքիային հաշտվել իր պատմության հետ` ակնարկելով Հայկական Ցեղասպանությունը»։
«Անցնող չորս տարիները ցույց տվեցին, որ նախագահ Օբաման իմաստուն ու հեռատես ղեկավար է եւ ի վիճակի է Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս բերել նրա դիմագրաված դժվարություններից: Նկատի առնելով այս բոլորը ու նաեւ այն, որ Միթ Ռոմնին ամբողջությամբ անտեսել է հայ ընտրողներին, մեր նախընտրությունը գնում է Բարաք Օբամային», – ՍԴՀԿ-ի Ամերիկայի խորհրդի հայտարարությունն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկու օր առաջ հայտարարել էր, թե ամերիկահայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտոնապես չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին։