«Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու և առօրյան արժանավայել դարձնելու համար: Բայց այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ասածս՝ օրինակներով:
1. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականպես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական և սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման և ժողովրդավարության չափանիշները:
2. Եվրոպական Միության դոնորների համաժողով. համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարվա ընթացքում Բրյուսելում, և ակնկալվում էր մինչև 1 մլիլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ ԵՄ անդամների կողմից: Դա հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու, ինչպես նաև բարեփոխումների հարցում հետ մնալու համար: Այժմ ասվում է, որ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո, և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը նախապայմաններից ընդամենը մեկն է:
3. Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր. այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա ազատ առևտրի գոտուց մինչև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանից Եվրամիություն և Եվրամիության ներսում: Համաձայնագրի ստորագրման ժամկետը կախված է միմիայն Հայաստանի իշխանությունների կամքից և կարողությունից՝ ընդունելու նրանց առջև դրված Եվրամիության պայմանները, որոնք մինաշանակորեն բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Այս պահի դրությամբ Հայաստանը առաջընթացի առումով այդ խմբում վերջին տեղերում է և, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի, «նման ընթացքով Հայաստանը նույնիսկ չի կարող երազել այդ պայմանագիրը ավարտին հասցնել 2013թ. վերջին»:
4. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկյրա ուղղակի ներդրումների անկումը կազմել է 40 տոկոս, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, անկումը կազմել է 60 տոկոս: Անկման որոշ պատճառների ես անդրադարձել էի իմ նախորդ գրառման մեջ: Այդ ամենի հիմքում ընկած է բարեփոխումների բացակայությունը և դրանից բխող երկրի առաջընթացի նկատմամբ ներդրողի թերահավատությունը:
5. Սփյուռքի ներգրավվածություն. Հայաստանում այս իրավիճակը և բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում և այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որևէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով:
Սրանք ընդամենը ակնհայտ երևույթներն են: Իրոք, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Ցավալին այն է, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումը, ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Չեմ խոսում այն մասին, որ դրա արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ վերևում թվարկեցի, այլ դրան կգումարվեր շատ ավելին: Այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար:
Ես համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովդրի հույսը երկրի և սեփական ապագայի նկատմամբ», – գրել է Օսկանյանը: