Հայաստանում չկա որևէ ՀԷԿ, որ քիչ էկոլոգիական վնաս է տալիս, քանի որ այդ ոլորտը վերահսկող չափորոշիչները իսպառ բացակայում են:
Այս մասին Հայաստանի ՀԷԿ-երի խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ այսօր ասել են բնապահպան ակտիվիստները:
Մասնավորապես, Լևոն Գալստյանն ասել է, որ իրենք պահանջում են չափանիշներ սահմանել նոր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրեր տալու մասին, և առանց դրանց այլևս չնախաձեռնել դրանց կառուցումը:
«ՀԷԿ-երի արտոնագիր տալու համար փորձաքննություն չեն անցնում: Դա ապացուցեց նաև «Խաչաղբյուրի» օրինակը», – ասել է Գալստյանը:
Հիշեցնենք, որ ըստ կառավարության ծրագրի` Հայաստանի էներգետիկ ապահովության խնդիրնրի լուծման շրջանակում նախատեսվում է 300-ից ավել ՀԷԿ կառուցել: Այսօր Հայաստանում գործում է 140 ՀԷԿ:
«ՀԷԿ-երն ընդամենը 10% էլեկտրաէներգիայի խնդիր են լուծում մեր երկրում: Պետք է դա և մեր երկրի բնությունը դնենք նժարների վրա»,- ասել է «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զառաֆյանը:
Բնապահպանը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԷԿ-եր կառուցել չի կարելի, քանի որ սա ջրային երկիր չէ: Համամետության համար Զառաֆյանն ասել է, որ ջրային երկիր համարվող Նորվեգիայում 350 գետի վրա ՀԷԿ կառուցելը արգելված է, իսկ Հայաստանում նման արգելք ոչ մի գետի վրա դրված չէ:
Բնապահպան Արամ Գաբրիելյանն էլ, ՀԷԿ-երի հետ կապված խնդիրների մեծ մասի լուծումը տեսնում է դրանց կառուցման համար պետության կողմից տրվող խրախուսական մեխանիզմը վերացնելու մեջ:
«Այժմ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է ՀԷԿ կառուցող մարդկանց 15 տարով, քանի որ ՀԷԿ կառուցելու արտոնագիրը ևս այդ ժամկետով է տրվում, մինչդեռ ջրօգտագործման թույլտվությունը մնացած դեպքերում տրվում է հինգ տարով: Այս և այլ արտոնյալ պայմաններ են տվրում ՀԷԿ-երի նախաձեռնողներին»,- ասել է Գաբրիելյանը: