ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր իր կայքում անդրադարձել է «168 ժամ» պարբերականի հոկտեմբերի 18-19-ի համարում լույս տեսած «Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով» և «ԲՀԿ-ի պատճառով իրար են ծեծում» հոդվածներին:
«Հրապարակումներում որպես փաստ ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել մի քանի փաստեր, սեփական խոսքով երաշխավորելով դրանց անառարկելիությունը.
1.Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի վերջին նիստերին մասնակցություն չեմ ունեցել, որովհետև չեմ հանդիսանում քաղաքական խորհրդի անդամ: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամները քաղխորհրդի նիստերին մասնակցում են ըստ անհրաժեշտության:
2. Երբևէ, որևէ տեղ, որևէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբևէ որևէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում:
3. Հայաստանում որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, որևէ մեկին թշնամի չեմ համարում: Պնդել, թե Հայ ազգային կոնգրեսում որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեմ, նշանակում է չտիրապետել որևէ իրական տեղեկատվության:
4. 2012թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայտնի իրադարձություններից հետո մինչև օրս՝ իմ մասնակցությամբ որևէ քաշքշոց տեղի չի ունեցել:
5. Լրատվական դաշտի հարգելի գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ լրատվական «ուտկաների», այսինքն՝ մտացածին տեղեկությունների միջոցով ինձ որոշակի մեսիջներ հղելու, իմ հնարավոր գործողությունները ուղղորդելու անիմաստ փորձերից: Իմ լրագրողական և քաղաքական գործունեության փորձը պիտի որ ակնհայտ դարձներ, որ դա անիմաստ զբաղմունք է:
6. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին և լրատվամիջոցներին, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայ ազգային կոնգրեսի, նրա խորհրդարանական խմբակցության աշխատանքներին, անձամբ իմ գործունեությանը և իրական փաստերի հիման վրա ներկայացնում կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ», – գրել է Նիկոլ Փաշինյանը: