Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքում առողջապահական բոլոր ձեռնարկություններում խախտումներ են արձանագվել: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Նա նշել է, որ Կոմիտեն ստուգումներ է անցկացնում 99 առողջապահական ձեռնարկություններում, 6-7-ում չափագրում է իրականացվում:
«Ստուգումներ ենք անում, այդ նյութերը ուղարկում ենք առողջապահության նախարարություն և ուղարկում ենք կառավարություն: Հետագայում մենք ուժեղացնում ենք ինստիտուցիոնալ վարչարարությունը: Բոլոր ոլորտներում ստվերը կա», – ասել է Խաչատրյանը:
Լրագրողների այն հարցին, թե ամենաշատը որ ոլորտում է առկա ստվերը, ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ մասին կհրապարակվի ստուգումների ավարտից հետո:
Գագիկ Խաչատրյանին նաև հարցրել են, թե որ օլիգարխն է բերվել հարկային դաշտ:
«Եկեք, նայեք մեր խոշորների ցանկը, տեսեք, թե ինչ հարկային վճարումներ են կատարում», – ասել է Խաչատրյանը՝ չնշելով, սակայն, որևէ օլիգարխի անուն: Նա առաջարկել է լրագրողներին անուններ նշել:
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչ քայլեր է կատարում ՊԵԿ-ը, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաները և հարկային աշխատողները բիզնես չհովանավորեն և բիզնեսի հետ փոխկապակցված չլինեն:
«Հիմա դրա համար մեր աշխատակիցներից շատերը ներկայումս համակարգում չեն և այն մարդիկ, ովքեր միջամտությամբ և հովանավորությամբ են զբաղվում, դրանք էլ համակարգում չեն: Եվ նոր երիտասարդ կադրերով համալրումներ կան, այժմ էլ 71 տեղ թափուր է: Որոշ մասնագիտությունների գծով, հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական կրթությամբ մասնագետների լուրջ կադրային պրոբլեմ ունենք»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
Այն հարցին, թե արդյոք Խաչատրյանն անձամբ բիզնես ունի, ՊԵկ ղեկավարը պատասխանել է, որ չունի, իսկ իր ունացվածքի մասին տեղեկություններն առաջարկել է գտնել իր հայտարարագրերում:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը «Մենքմերոնցով աշխատում են» հոդվածում գրել էր Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունների մասին: