ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով նոր ՀԴՄ-ների ներդրման մասին, ասել է, որ խոշոր բիզնեսին ներկայացվող պահանջները շատ ավելի շատ են, քան փոքր և միջին բիզնեսի համար կիրառման ենթակա ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներն են լինելու:
Խոսելով նաև այն մասին, թե ում համար է պարտադիր ՀԴՄ-ն և ում համար ոչ, ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է մանրածախ առևտրի ոլորտում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը նկատել է, որ Բանգլադեշում կա մի գարաժ, որտեղից իրականացվում է մի քանի հազար տոննա շաքարավազի առևտուր՝ հարցնելով, թե արդյոք ՀԴՄ-ների ներդրումը կօգնի վերահսկել նման կետերի թվային շրջանառությունը:
Ի պատասխան՝ Միրումյանը նշել է, որ ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր են մանրածախ առևտրի օբյեկտներում:
«Եթե դուք խոսում եք մեծածախ վաճառքի մասին, մեծածախ վաճառքի համար ՀԴՄ-ների ներդրում չկա: Մենք հեռու ենք այն տեսակետն արտահայտելուց, որ ՀՀ-ում ստվերային շրջանառություն չկա: Մենք չենք ասում, որ մեծածախ առևտրում առհասարակ ստվեր չկա»,- ասել է Միրումյանը:
Գևորգյանը նշել է, որ նման եղանակով շաքարավազ վաճառվում է արդեն տասը տարի:
Միրումյանը հետաքրքրվել, թե լրագրողն ունի՞ տեղեկատվություն, որ այդ վայրում վերահսկողություն չի իրականացվում: Լրագրողն առաջարկել է հենց այդ պահին միասին գնալ այդ գարաժի մոտ առանց զգուշացնելու:
Միրումյանը չի համաձայնել՝ առաջարկելով լրագրողին նման տեղեկատվություն ունենալու պարագայում այն փոխանցել հարկային մարմիններին: