Աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին ուշագրավ ելույթ է ունեցել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը, մասնավորապես, անդրադարձ է կատարում Սարգսյանի ելույթի այն հատվածին, երբ վերջինս նշել է, որ մայիսին կայացած ԱԺ ընտրությունները միջազգային դիտորդները համարել են Հայաստանի անկախության տարիներին անցկացրած լավագույն ընտրությունները՝ նշելով, որ Սարգսյանը «հերթական անգամ սուտ է խոսել»:
«Ուշագրավ է, որ ոչ ընտրություններին դիտարկում անցկացնող ամենահեղինակավոր կառույցի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, և ոչ էլ եվրոպական կառույցների կողմից միասնական դիտարկման արդյունքում հրապարակված ԵԽԽՎ զեկույցներում նման հայտարարություն չի եղել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընդհանրապես զերծ է մնացել ընտրություններին կոնկրետ գնահատականներ տալուց և ներկայացրել է առաջարկներ, որոնք պետք է իրականացվեն մինչև նախագահական ընտրությունները, իսկ ԵԽԽՎ զեկույցն ընդհանրապես քարուքանդ էր արել ԱԺ ընտրությունները», – գրում է «ՉԻ»-ն:
Թերթն ընդգծում է, որ ԵԽԽՎ-ի զեկիույցը կոշտ քննադատության էր ենթարկել ընտրությունները: