Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի առողջականը լավ չէ, բայց «իր տեղում աշխատում է»

Սյունիքի մարզպետի առողջականը լավ չէ, բայց «իր տեղում աշխատում է»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննաթյունն անցնելու և սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Թեև մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով մարզպետ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, քանի որ լիովին ապաքինվելու համար նրան երկարատև ժամանակ ու հանգիստ է պետք», – գրում է «ՉԻ»-ն:

Այս և այլ հարցերի շուրջ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Սյունիքի մարզպետի մեկնաբանությունը, որն էլ թերթի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ ինքն այս պահին էլ ապաքինման փուլում է, բայցև ավելացրել է:

«Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ, իմ տեղում աշխատում եմ ու ինձ էլ շատ լավ եմ զգում: Դուք էլ խնդրում եմ ինձ մի մոռացեք, շուտ-շուտ զանգեք, թե չէ ես էլ ձեզ համար եմ սկսում անհանգստանալ: Մնացած ապուշություններին էլ ականջ մի դրեք»:

Ճշտմանը, թե երբ է պատրաստվում մարզպետը մեկնել արտերկիր, Խաչատրյանը պատասխանել է. «Հիմա դեռ ստեղ եմ, հլը որ տեղ չեմ գնում, հենց գնալու լինեմ՝ դուք անպայման կիմանաք»: