Հայաստանում երեք բջջային օպերատորներից մեկը՝ «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ «Բիլայն»), տուգանվել է 30 միլիոն դրամով: Այս մասին այսօր հայտարարվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստի ժամանակ:
ՏՄՊՊՀ-ն վարույթը հարուցել է մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա:
ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ «ԱրմենՏել» ընկերությունն առանց տեղեկացնելու սպառողին, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված սակագին: «Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1 ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա:
«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90 դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:
«Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով», – նշում է ՏՄՊՊՀ-ն: