Home / Հայաստան / Խոշտանգված կնոջ կողմին վիրավորում են. փաստաբանը՝ դատավորի «սցենարի» մասին

Խոշտանգված կնոջ կողմին վիրավորում են. փաստաբանը՝ դատավորի «սցենարի» մասին

Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի դատական գործը Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում մտել է վերջնական՝ դատական վիճաբանությունների փուլ:  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի պաշտպան Նոնա Գալստյանը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Մարիամին ծեծելու և խոշտանգելու մեղադրանքով դատապարտվել էր աղջկա ամուսինը` Դավիթ Զիրոյանը, սակայն նա խուսափել էր պատժից` համաներմամբ ազատ արձակվելով: Այժմ մեղադրվում է Զիրոյանի մայրը` Հայկանուշ Միքայելյանը:

Նախորդ դատական նիստը չի կայացել՝ մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով: Նոնա Գալստյանի խոսքով՝ վերջինս առաջին անգամը չէ, որ չի ներկայացել դատական նիստի՝ առանց տեղեկացնելու դատարանին իր չներկայանալու պատճառների  մասին:

 

Մարիամ Գևորգյանի կողմը նաև դժգոհել է դատավորի գործողություններից:  Ւնչպես ասել է Նոնա Գալաստյանը, դատավորը սույն գործի դատական քննությունն իրականացնում է միայն իրեն հայտնի դատավարական նորմերի համաձայն, նախապես որոշված «սցենարով»` անտեսելով օրենքները, դրանով իսկ տուժողի համար ստեղծելով ծայրահեղ անբարենպաստ և անհավասար դատավարական կարգավիճակ` դատավարության մյուս կողմերի համեմատությամբ:

Պաշտպանի խոսքով՝  դռնփակ քննություն անցկացնելու մասին դատավոր Ա.Բեկթաշյանի որոշումը  հնավարություն է տալիս դատարանին չարաշահել դատավորի լիազորությունները, վիրավորական տոնով և ընդգծված բացասական վերաբերմունքով խոսել տուժողի և  նրա փաստաբանի հետ, հայտարարել, թե այս գործը վերածվել է շոուի:

«Նման վարքագիծ դատավորը դրսևորել է նաև որպես վկա հրավիրված տուժող Մարյամ Գևորգյանի հոր` Համազասպ Գևորգյանի հարցաքննության ժամանակ, երբ բարձրաձայն գոռգոռալով և վկայի հարցաքննության հետ չառնչվող նպատակներով վերջինիս հարցեր է ուղղել այն մասին, թե ինչու են բողոքարկում դատարանի դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումը /ի դեպ, այդ որոշումը չէր բողոքարկվել և չէր էլ կարող բողոքարկվել տուժողի հոր կողմից/, ինչ նպատակով և ինչու են բողոքի ակցիաներ կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի առջև և այլն:

Ավելին, դատավոր Ա.Բեկթաշյանը սեպտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի ընթացքում դատարան հրավիրված փորձագետի հարցաքննության ժամանակ միջամտելով` չի թույլատրել ինձ հերթական հարցն ուղղել փորձագետին` հայտարարելով, որ վերջինս դատարան է հրավիրվել իր նախաձեռնությամբ և միայն ինքն իրավունք ունի հարցեր տալու, իսկ եթե ես հարցեր ունեմ փորձագետին, ապա կարող էի ինքս միջնորդություն ներկայացնել փորձագետին հարցաքննելու վերաբերյալ, այն դեպքում, երբ իմ կողմից արդեն իսկ մի քանի հարցեր տրվել էին փորձագետին»,- ասել է Նոնա Գալստյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամ Գևորգյանը 2010թ.  հունիսին ամուսնացել է Դավիթ Զիրոյանի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է ամուսնու և նրա մոր հետ: Հայկանուշ Միքայելյանը Մարիամին ծեծել է գրտնակով, վառել է նրա մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով` պատճառաբանելով, թե աղջիկը փնթի հարս է:

Նրան թույլ չեն տվել անգամ քնել անկողնում և ստիպել են ամիսներ շարունակ քնել խոհանոցի աթոռի վրա նստած: 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 12-ին: