Արհեստական կուսաթաղանթը բժշկական դեղ, պարագա չէ. այն պարկուճ է, հաբ, որը դրվում է հեշտոցի մեջ՝ սեռական հարաբերություններից 10-30 րոպե առաջ: Խոսելով վերջերս համացանցում քննարկվող Հայաստան ներկրված կես տոննա կուսաթաղանթի մասին՝ այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ առոջապահության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Բժշկի խոսքով՝ 1993 թվականից աշխարհում հայտնի այս պարկուճը հեշտոցի խոնավությունից սկսում է ռեակցիայի մեջ մտնել, և հարաբերության ժամանակ առաջանում է կարմրավուն-վարդագույն հեղուկ, որը, խառնվելով սերմնահեղուկի հետ, թողնում է կուսաթաղանթի վնասման ժամանակ առաջացող արյան վարդագույն երանգը:
Գահանե Ավագյանը նշել է, սակայն, որ ինքն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ով է կուսաթաղանթները ներկրել Հայաստան:
«List.am-ում կարդացի, սակայն կապվել իրենց հետ ու պարզել, թե ովքեր են իրենք, որտեղից են բերել, ինչ արտադրության են, չհաջողվեց: Իմ տվյալները հիմնվում են էլեկտրոնային գրականությունից վերցված տվյալների վրա, և այնտեղ պարզ գրված է, որ դրանք անգամ կոչվում են չինական հերբալ՝ դեղաբույսային հաբեր: Որքան կարողացա ըստ արտադրողների նայել, ասվում է, որ դրանք անվտանգ են, ալերգիա չեն առաջացնում»,- ասել է բժիշկ-գինեկոլոգը:
Ավագյանը նշել է, որ արհեստական կուսաթաղանթը հավասարազոր է ներհեշտոցային մեկանգամյա օգտագործման ներդիրներին:
«Սա խաբկանք է, որովհետև դրանով դիմացինին խաբում են՝ կույս ձևանալով: Իմ կարծիքով՝ սա անընդունելի, պարսավելի խնդիր է, չի կարելի ամուսնությունը սկսել խաբեության, անվստահության, խարդախության ֆոնի վրա», – ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ գուցե այդ քայլին դիմողներն ունեն իրենց փաստարկները, բայց եթե տվյալ անձը ունեցել է արտաամուսնական կապ, սեռական կյանք, ապա այդ մասին պետք է կարողանա խոստովանել նոր ընկերոջը, որի հետ փորձում է համատեղ կյանք ստեղծել:
Ավագյանը նշել է նաև, որ համացանցում կարելի է գտնել արհեստական կուսաթաղանթ արտադրող ընկերություններն ու շատ հեշտ ձեռք բերել արտադրանքը:
«9-ից մինչև 12,5 դոլարի շրջանակում ընկերության հաշվին փոխանցում կատարելով և թողնելով հասցեն, փոստային առաքումով ստանում են կուսաթաղանթը: Որքան էլ զարմանալի է, սա ընթացակարգ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», – ասել է Ավագյանը: