ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնյիի հետ զրույցում «խիստ հիասթափություն է» հայտնել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Այս մասին գրում է asparez.com-ը:
«Պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է մեր խիստ հիասթափությունն այն կապակցությամբ, որ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որին այնտեղ անմիջապես ներում են շնորհել: Այս որոշումը վնաս է հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և կողմերի միջև վստահությանը», – պատասխանելով Հ1-ի ամերիկյան թղթակից Հայկարամ Նահապետյանի հարցին՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակը:
ԱՄՆ-ի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գոհունակություն է հայտնել Քլինթոնի խոսքերի կապակցությամբ, այնուամենայնիվ, հավելել է.
«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարին Ադրբեջանին և Հունգարիային ուղղված քննադատության խոսքերն իրականության վերածել՝ արգելքի տակ դնելով ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, ինչպես նաև դադարեցնել Բաքվին ռազմական օգնություն տրամադրել»: