Home / Հայաստան / Հմայակ Հովհաննիսյանը բողոքում է իր դեմ գործը քննող դատավորներից

Հմայակ Հովհաննիսյանը բողոքում է իր դեմ գործը քննող դատավորներից

«Հիդրոէներգանախագիծ» ընկերության բաժնետեր Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունն ընդդեմ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի դատական գործը քննող դատավորները դատավարական կարգի կոպտագույն խախտումներով են վարում նիստերը: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ, ըստ գործի, Հովհաննիսյանը վիրավորական արտահայտոություններ է թույլ տվել Ջուլհակյանի հասցեին, որոնք տարածվել են 9 լրատվամիջոցներով:  Հայցադիմումում նշված են հետևյալ նախադասությունները. «Դա մաշեյննիկ է և որևէ սեփականություն չունի, իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուրգուտ քաղաքում և զբաղվում է լյուստրաների վաճառքով», «Քաղաքում Լիսկան է՝ Սենիկ Ջուլհակյանի տեսքով… Մյուս երեք տարածքները արդեն ձեռ գցած չակերտավոր բարերարը ինչ-որ թուղթ է ներկայացրել… Նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում»:

Հովհաննիսյանը բողոքում է, որ գործը քննող դատավորներից մեկը՝ Ռ. Ներսիսյանը,  առանց գործի նյութերին ծանոթանալու համար իր փաստաբանին ժամանակ և հնարավորություն տալու, ինչպես դա նախատեսված է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, անցկացրել է դատական նիստ:

«Մյուս դեպքում, դատավոր Արայիկ Մելքումյանը դատական նիստերը անցկացրել է իմ և իմ փաստաբանի բացակայությամբ, նախօրոք մեզ չտեղեկացնելով նիստերի վարման մասին՝ փաստորեն, փակ ռեժիմով: Դատավոր Արայիկ Մելքումյանը նիստերի անցկացման մասին չէր իրազեկել ոչ միայն ինձ և իմ փաստաբանին, այլև գործով որպես երրորդ կողմ ներգրավված տասից ավելի ազդեցիկ լրատվամիջոցներին»,- իր հայտարարության մեջ գրել է Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ նման պահվածքը դիտում է որպես խայտառակ ոտնձգություն ոչ միայն իր, այլև ազատ մամուլի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ջուլհակյանը պահանջել է Հմայակ Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ և 1 մլն էլ՝ զրպարտության համար։ Վճռի հրապարակումը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին: