Պետական կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար պետական գերատեսչություններից ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 22 միլիոն 334 հազար 100 ՀՀ դրամ:
Երկրորդ տեղում է Երևանի քաղաքապետարանը՝ 19 միլիոն 230 հազար ՀՀ դրամով, երրորդում՝ Բնապահպանության նախարարությունը՝ 19 միլիոն 215 հազար 400 ՀՀ դրամով: Այս տվյալները հրապարակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն, որը պետական կառույցների կայքերի ծախսերի մասին հարցումներ է ուղարկել գերատեսչություններ:
Առցանց տեղեկության տարածման համար ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (80.000 ՀՀ դրամ):
Նշենք, որ գրեթե բոլոր նախարարությունների կայքերի սպասարկմանը հատկացված միջին գումարները 2011 թվականին նախորդ երկու տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել են, ինչը, հավանաբար, պայմանավորված է կայքերին նոր դիզայն տալով կամ նոր կայքեր ստեղծելով: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է 7 կայք, Սփյուռքի նախարարությունը՝ 5 կայք: Սփյուռքի նախարարությունը, սակայն, ՀԿ-ին չի տարամադրել իր ծախսերը՝ պատճառաբանելով, որ այդ գումարները ՄԱԿ-ն է տրամադրել:
Տվյալներ չի տրամադրել նաև Կրթության նախարարությունն իր edu.org կայքի մասին՝ ասելով, որ այն ստեղծվել է 2006թ, թեև կայքը հեատգայում փոփոխությունների է ենթարկվել:
Ընդհանուր առմամբ՝ կայքերի համար հատկացված գումարի հիմնական աղբյուրը պետբյուջեն է, որտեղից հատկացվել է 53.681.800 ՀՀ դրամ, միջազգային կազմակերպությունների հատկացրած գումարները կազմում են 24.963.575 ՀՀ դրամ: