Սանկտ Պետերբուրգի կառավարությունը միգրանտների համար հատուկ գրքույկ է հրապարակել, որում ներգաղթյալները պատկերված են ցախավելի, լիսեռի, խոզանակի և այլ շինգործիքների տեսքով:
Բրոշյուրը տպագրվել է կառավարական «Հանդուրժողականություն» նախագծի շրջանակներում: Այն թարգմանված է ուզբեկերեն, տաջիկերեն և ղրղզերեն, հաղորդում է Newsru.com-ը:
«Դուք բնակվելու եք քաղաքում, որը հանդիսանում է Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը», – ասված է գրքույկում:
Տեղեկատուն պատմում է, թե ինչպես պետք է գրանցում ստանալ Պետերբուրգում, ինչպես և որտեղ բժշկական հետազոտություն անցնել, ինչպես դրսևորել իրենց հասարակական վայրերում: Օրինակ, իդեալական «ցախավելն» ու «խոզանակը» պետք է օգտագործեն «Կարո՞ղ եք ինձ օգնել» կամ «Ներողություն, խնդրում եմ…» արտահայտությունները:
Ուշագրավ է, որ առարկաների տեսքով գրքույկում պատկերված են միայն ներգաղթյալները: Մյուսները՝ բժիշկները, չինովնիկները, սահմանապահները, թանգարանների աշխատակիցները, մի խոսքով՝ հյուրընկալ քաղաքացիները, նման են իրական մարդկանց: