«Հայփոստն» իր վարքագծով խնդիրներ է առաջացրել մի շարք տնտեսվարողների համար: Այս մասին ասված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տարածած հաղորդագրության մեջ:
ՏՄՊՊՀ-ն նշում է, որ դիմում-բողոք է ստացել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Մասնավորապես, ըստ բողոքների, առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը:
Բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
«Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան», – նշում է ՏՄՊՊՀ-ն:
Իր այսօրվա նիստի ընթացքում Հանձնաժողովը խստորեն զգուշացրել է «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ: