Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են Վրաստանից Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն:
ԱԱԾ-ն նշվում է, որ Խաչատրյանը նշված դեղամիջոցները ՀՀ է ներկրել իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը: