Հոկտեմբերի 29-31-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լինելու է Վրաստանում և այնտեղ հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նորընտիր ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլու հետ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Արամ Մանուկյանը:
«Մեր գործընկեր կուսակցության նախագահը՝ Դավիթ Ուսուպաշվիլին, ըտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, այսինքն՝ այսուհետև Վրաստանի խորհրդարանի նախագահը ազատական կուսակցության ղեկավարն է: Դա Վրաստանի քաղաքական կյանքում շատ լուրջ առաջընթաց է, ՀՀՇ-ի գործընկեր կառույցը լուրջ հնարավորություն ստացավ քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու: Մենք երկուսս էլ հանդիսանում ենք Եվրոպական Լիբերալ դեմոկրատների կուսակցության անդամ, նաև խորհրդի անդամ»,- ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ Վրաստանի ազատական «Հանրապետական» կուսակցության հետ ՀՀՇ-ն միշտ համագործակցել է և որ իրենք ամիսը նվազագույնը մեկ անգամ հանդիպում են:
Արամ Մանուկյանը նշել է, որ ինքը շատ ուրախ է, որ ազատական ուժի ղեկավարը դարձել է նաև օրենսդիր մարմնի ղեկավար: