Այսօր Ազգային ժողովի դիմաց ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր անցկացնում՝ ուղղված իշխող Հանրապետական կուսակցության, նրա խոսքով, որոշ հանցագործ պատգամավորների դեմ:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նա ձեռքին պաստառ էր պահել, որի վրա գրված էր՝ «Ամոթ հանցագործների գործընկերներին»: Պաստառի վրա պատկերված էին ՀՖՖ նախագահ, անցյալ ամիս մանդատը վայր դրած Ռուբեն Հայրապետյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Գասպարին ցանկանում էր իմանալ պատգամավորների դիրքորոշումն իրենց գործընկեր Վարդան Այվազյանի դեմ Նյու Յորքի դաշնային դատարանի ընդունած որոշման մասին՝ հարցնելով, թե արդյոք դա պատգամավորներին չի վիրավորել:
Ազգային ժողովի նիստից հետո՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԱԺ-ի շենքից դուրս եկող պատգամավորներից մի քանիսը բարևեցին Վարդգես Գասպարիին, ոմանք շտապելով անցան:
Վերջապես ակտիվիստը զրույցի բռնվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ, ում ուղղեց իր հարցը:
«Էս ամեն ինչը աղմուկ է, որ իմ երկրին է վերաբերում: Իհարկե, վիրավորում է ինձ: Բայց եթե դա ասում եմ, չի նշանակում Նյու Յորքի դատարանին եմ ճիշտ համարում, կամ Վարդան Այվազյանին եմ ճիշտ համարում: Ես կցանկանայի, որ մեր երկրում ամեն ինչ այնպես լիներ, որ մեր երկրի քաղաքացիները իրենց վատ չզգային: Որքան տեղյակ եմ« ինքը պատրաստ է ներկայացնել կամ արդեն ինչ-որ տեղ ներկայացրել է իր բացատրությունները, թե ինչպես է եղել գործը: Չեմ կարող ասել` ինչքանով է համոզիչ, քանի որ մանրամասները չգիտեմ: Ես սիրում եմ խոսել մի բանի մասին, որի մանրամասներին տիրապետում եմ», – ասել է Եսայանը:
Գասպարին հարցրեց, թե ինչով է վիրավորված պատգամավորը տարբերվում չվիրավորված քաղաքացուց և թե ինչպես է արտահայտվում Եսայանի այդ դիրքորոշումն իր պատգամավորական գործունեության մեջ: Պատգամավորը, սակայն, նշեց, որ շտապում է հոգեհանգստի, և ակտիվիստի վերջին հարցերն այդպես էլ անպատասխան մնացին:
Epress.am-ի հետ զրույցում Գասպարին ողջունելի է համարել այն, որ այս անգամ ոչ ոք իր պաստառը չպատռեց, չգողացավ: Նրա խոսքով՝ ինքը տպավորություն ուներ, թե պատգամավորներին տարել են էթիկայի դասերի: