Բրիտանական Independent թերթի կայքը լուսանկար է հրապարակել, որը, հավանաբար, արվել է 1915 թվականի ամռանը:
Լուսանկարի առաջին պլանին պատկերված է 6 մարդ, որոնք կանգնած են գետնին սփռված բազմաթիվ գանգերի մոտ, հետևի պլանում անտառ է երևում:
Բրիտանական թերթը նշում է, որ դրանք 1915 թվականին սպանված հայերի գանգերն են, իսկ դրանց վերևում կանգնած մարդկանցից երեքը թուրքական բանակի սպաներ են, մեկը քրդական հագուստով մի տղամարդ, երկուսը՝ գերմանական կայսերական բանակի ռազմահագուստով անձինք:
«Դա վայրագության կադր է, այն լուսանկարների նման, որոնք քառորդ դար անց անում էին գերմանացի զինվորականները՝ հրեական հոլոքոստի զոհերի ֆոնին», – գրում է Independent-ը:
Արդյո՞ք գերմանացիները մասնակցել են 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին, հարց է տալիս թերթը՝ նշելով, որ դա նման տիպի առաջին լուսանկարը չէ, թեև գերմանացիները մեծապես ազատվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունում մասնակցության պատասխանատվությունից: 1915 թվականին Թուրքիայի նահանգներում աշխատող գերմանացի դիվանագետները սարսափով են արձանագրում թուրքերի կողմից իրականացված զանգվածային սպանությունները, իսկ գերմանացի պատգամավորները դատապարտել են վայրագությունները Ռայխստագում:
Գերմանական բանակի ռազմական բժիշկ Արմին Վեգներն իր կյանքը վտանգել է՝ լուսանկարելով մահացած և մահացող հայերին: 1933 թվականին Վեգները սատար է կանգնել հրեաներին, ձերբակալվել է և տանջամահ արվել գեստապոյում: Այսօր նրա մասունքների մի մասը թաղված է Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Independent-ը նշում է, որ լուսանկարն արվել է Երնզկայի մոտակայքում և այն գտել ու հրապարակել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Բրիտանական կայքում հրապարակած հոդվածի հեղինակը նշում է, որ նման լուսանկարները պարբերաբար հրապարակվում են, ինչպես նաև ընդգծում, որ հայազգի պատմաբանները, մասնավորապես, Պիտեր Բալակյանը բացահայտել են ֆաշիստական ռեժիմի մի քանի ներկայացուցիչների անուններ, ովքեր 1915-16-ին ծառայել են կայսերական Գերմանիայի բանակի Թուրքիայում գտնվող ստորաբաժանումներում:
Մասնավորապես, Կոնստանտին ֆոն Նոյրատը 1915 թվականին կցված էր 4-րդ թուրքական բանակին: Նրա խնդիրն էր «դիտարկել հայերի դեմ տարվող գործողությունները»: Հետագայում Հիտլերի կառավարությունում 1932-ից մինչև 1938 թվականները նա զբաղեցրել է Արտաքին գործերի նախարարի, այնուհետ պատերազմի ժամանակ գրավված Բոհեմիայի և Մորավիայի ղեկավարի պաշտոնները:
Ֆաշիստական Գերմանիայի ամենավայրագ դեմքերից մեկը՝ Ռուդոլֆ Հեսը, 1916 թվականին Թուրքիայում գերմանական բանակի սպա է եղել, իսկ 1940-ից 1943 թվականները զբաղեցրել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի պետի պաշտոնը: