2009-2011 թվականներին ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինվորական ծառայություն անցած Դավիթ Ալիխանյանի մայրը՝ Ծովիկ Ալիխանյանը, դիմում է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հսկողության տակ առնել որդու նկատմամբ իրականացվող դատավարությունը:
Դիմում-նամակը «Բանակն իրականում» նախաձեռնության Facebook-ի էջում տեղադրել է օգտատեր Մարտին Միսակյանը:
«2012 թվականի հուլիսի 2-ին տղաս պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՀՀ Արմավիրի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնում որպես պարեկ, սակայն օգոստոսի 14-ին ազատվել է աշխատանքից, քանի որ հարուցվել է քրեական գործ: Մեզ հայտնի տեղեկություններով` տղաս` Դավիթ Ալիխանյանը, իր երկու գործընկեր ոստիկանների հետ 2012թ. օգոստոսի 3-ին Էջմիածնի զորամասի շրջակայքում` զորամասին մոտ գտնվող խանութի մոտ տեսել է զինվորի, հետաքրքրվել նրա այդ վայրում գտնվելու հանգամանքով: Զինվորը ոչ մի պարզաբանում չի տվել և դիմել է փախուստի` զորամասի քանդված պատով մտել է զորամաս: Ոստիկանները հետապնդել են նրան, զինվորը փախել և միացել է զորամասի այլ զինվորների: Այնուհետև երկու համակարգերը միմյանց հետ քննարկել են իրենց հարաբերություններին վերաբերվող հարցեր, որոնցից տղաս տեղյակ չէ, և օգոստոսի 8-ին կամ 9-ին զինվորը հայտարարություն է տվել, թե ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել: Տղայիս մեղադրանք են առաջադրել, այնուհետև կալանավորել են: Մյուս երկու ոստիկանները բացառում են զինվորի ներկայացրած հանգամանքերը և հաստատում են տղայիս ներկայացրած փաստերը: Զինվորները տալիս են զինվորին պաշտպանող ցուցմունքներ», – նշված է նամակում:
Ալիխանյանի խոսքով՝ իրենք «շատ ջանքեր են թափել, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի», բայց դրանք ապարդյուն են անցել:
«Արդեն երկու ամիս է` տղաս գտնվում է կալանավայրում, քննությանը ներկայացրել է իր փաստերը, որոնք, ինչպես պարզվում է, անտեսվում են: Ինձ հայտնի դարձած բազմաթիվ տեղեկություններից հասկացել եմ, որ տղաս համակարգային կռվի զոհ է. վատ հարաբերություններ են եղել ՊՆ-ի տվյալ զորամասի հրամանատարության և ՌՈ-ի պետերի միջև, որի արդյունքում ոչ թե պատժվել է թափառող զինվորը և հսկողություն չիրականացրած սպան, այլ իր աշխատանքային պարտականությունները կատարող իմ տղան: Որևէ հումանիզմ չեմ տեսնում մեր դատավորների մոտ, որոնք չեն ղեկավարվում օրենքով և կատարում են նախաքննական մարմինների հրահանգները, շարունակում են կալանքի տակ պահել իմ տղային: Դիմում եմ Ձեզ և հույս ունեմ, որ իմ ներկայացրած փաստերը ճիշտ կհասկացվեն և իմ տղայի վերաբերյալ Ձեր կողմից հսկողության պայմաններում որևէ դրական տեղաշարժ կլինի նրա գործում և 21-ամյա տղաս չի ձևավորի համոզմունք, որ իր նկատմամբ անարդար են և’ ՊՆ-ն, և’ ՌՈ-ն, և’ քննչական մարմինները, և՛ դատարանը», – եզրափակել է մայրը:
Epress.am- ի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ Դավիթ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանության չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): Սարգսյանի խոսքով՝ քանի որ գործը նախաքննության փուլում է, նա այլ մանրամասներ հաղորդել չի կարող: