ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում:
Վեհաժողովի ընթացքում քննարկվել են քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարի խնդիրները և հնարավոր լուծումները:
Շարմազանովի խոսքով՝ հիմնական բանավեճը ծավալվել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ինքը՝ Շարմազանովը:
Բանախոսն ընդգծել է, որ իր ելույթի ժամանակ խոսել է փաստերով՝ օրինակ բերելով Ռամիլ Սաֆարովի դեպքը, ինչպես նաև հիշեցնելով Իլհամ Ալիևի՝ գարնանը հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ադրբեջանցիների թիվ 1 թշնամին աշխարհի հայությունն է:
«Հայ սպայի սպանությունից ավելի ռասիստական դրսևորում դժվար է պատկերացնել», – ասել է ՀՀԿ-ական գործիչը:
Նրա խոսքով՝ վեհաժողովի բոլոր մասնակիցները, բացի Ադրբեջանի պատվիրակերից, ընդունել են իր փաստարկները:
Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, որ Սաֆարովի մասին իրավունք չունի խոսել մի երկրի ներկայացուցիչ, որն «իրականացրել է Խոջալուի ջարդերը», ինչին ի պատասխան Շարմազանովը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցից հատված, որի համաձայն «Խոջալուի իրադարձությունների կազմակերպիչն ու մեղավորը Ադրբեջանի «Ազգային ճակատի» ներկայացուցիչներն էին»:
Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում քսենոֆոբիայի դրսևորումներ չկան: Վեհաժողովի ժամանակ նա որպես օրինակ է բերել այն փաստը, որ ինքը, լինելով ազգությամբ հույն, զբաղեցնում է Ազգային Ժողովի փոխխոսնակի պաշտոնը: