Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը համարում է, որ ինքն իր պաշտոնավարման տարիներին վատ չի աշխատել: Այս մասին նա ասել է այսօր՝ գործունեության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Հիշեցնենք, որ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013 թվականին, որից հետո Հարությունյանը, համաձայն օրենքի, նույն պաշտոնում չի կարող աշխատել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրել է Հարությունյանին, թե ինչու է ի թիվս այլ հաղորդումների եթերից դուրս եկել մանկական «Բարի գիշեր» հաղորդումը. բացի դա, հարց է ուղղել սերիալների արդյունավետության մասին:
Հարությունյանը նախ անդրադարձել է սերիալներին՝ նշելով, որ այս պահին Հ1-ով հեռարձակվում է ընդամենը երկու սերիալ:
Խորհրդի նախագահի խոսքով՝ մասնավորապես, «Գեներալի աղջիկը» սերիալը վտանգավոր չէ հանրության համար, այլ հակառակը՝ դրա մեջ դրական բան կա: Հարությունյանը նշել է, որ այս մասին վկայում են զորամասերում կայացած իր հանդիպումները:
Ինչ վերաբերում է «Բարի գիշեր» հաղորդմանը, ապա բանախոսն ընդգծել է, որ այժմ չկան բազմաթիվ հաղորդումներ, որոնք եթեր էին հեռարձակվում ԽՍՀՄ ու անկախության առաջին տարիներին:
««Բարի գիշերը» երկար ժամանակ կար «Արարատ» հեռուստաընկերությունում: Եթե նման ցանկություն և անհրաժեշտություն կա, ես կառաջարկեմ, և «Շողակաթը» (այժմ զբաղեցնում է «Արարատ» ալիքի հաճախականությունը – խմբ.) ձեզ հետ կքննարկի այդ հարցը», – ասել է Ալեքսան Հարությունյանը: