Home / Հայաստան / Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագիծը դուր չի եկել նախարարությանը. այն ուղարկելու են վերամշակման

Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագիծը դուր չի եկել նախարարությանը. այն ուղարկելու են վերամշակման

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ն մշակել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ: Այն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հավանության ստանալուց հետո կառավարությունից կուղարկվի Ազգային ժողով՝ քվերակության: Այս մասին Epress.am-ին հայտնել է Կենտրոնի ներկայացուցիչ Սաթենիկ Գևորգյանը:

Ըստ նախագծի՝ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, քանի որ այն ունի պրոֆիլակտիկ բնույթ, այսինքն՝ նպատակ ունի կանխարգելել ընտանեկան բռնությունը, ասել է Սաթենիկ Գևորգյանն ու նշել, որ այժմ ընտանեկան բռնության դեպքերով զբաղվում է  2010թ. ստեղծված գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը:

«Նախագիծը առավել առաջնային տեղ է տալիս բռնության կանխարգելմանը, քան պատժի կիրառմանը: Այն ոչ թե առանձնացնում է տուժողների հատուկ խումբ, այլ տարածում է պաշտպանությունը ցանկացած անձի վրա, որն ընտանիքում բռնարարից հոգեբանական և /կամ/ տնտեսական կախման մեջ գտնվելու պատճառով դառնում է ֆիզիկական և /կամ/  սեռական և /կամ/ հոգեբանական բռնության թիրախ», – ասել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ օրենքի ընդունումն ունի հետևյալ նպատակները` համապատասխանեցնել մարդու իրավունքների միջազգային նորմերին, ճանաչել, որ ընտանեկան բռնությունը հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, անձի և հասարակության դեմ ուղղված արարք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Epress.am-ի հայտնել են, սակայն, որ օրենքը թերի է և որ իրենք պատրաստվում են այն հետ ուղարկել վերամշակման և նոյեմբերին միայն հանձնել Կառավարության քննարկման:

Հիշեցնենք, որ կանանց իրավունքների պաշտանությամբ զբաղվող կազմակերպությունները վաղուց ահազանգում են օրենքի բացակայության մասին և հույս են հայտնում, որ այս նախագիծը հնարավորինս շուտ կընդունվի: