Home / Հայաստան / Որն է «ավազակապետություն»-ը. ԱԺ-ում լրացրել են լեզվաբանական գիտելիքների բացը

Որն է «ավազակապետություն»-ը. ԱԺ-ում լրացրել են լեզվաբանական գիտելիքների բացը

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «պետությանը չի կարելի ասել ավազակապետություն, պետությունը ժողովուրդն է, այլ բան է, որ իշխանություններին վերագրեք» արտահայտությանը:

Զուրաբյանը նշել է, որ «ավազակապետություն» եզրույթը Համաժողովրդական շարժման կողմից օգտագործվում է արդեն հինգ տարի և հենց այդ ժամանակվանից էլ շարժման հասցեին քննադատություն է հնչում: Այսօր, նշել է Լևոն Զուրաբյանը, վերջպես հարմար առիթ է պարզություն մտցնել այդ հարցում՝ «որ ինչպես ասվում է՝  ոչ դուք մեզանից նեղանաք, ոչ մենք ձեզանից»:

««Ավազակապետություն» եզրույթի օգտագործման հարցում մեզ քննադատողները մի փոքր բաց ունեն իրենց լեզվաբանական գիտելիքների մեջ: Բաց, որը ես անկեղծորեն կուզեի լրացնել: Օրինակ, բառեր կան, որոնք ծագում են հին հունարենից և պարունակում են կրատիա, կամ արխիա արմատը, ինչը նշանակում է  իշխանություն: Արիստոկրատիա, կլեպտոկրատիա, դեմոկրատիա… «արիստո» նշանակում է ազնվականություն, «արիստոկրատիա» նշանակում է  ազնվականության իշխանություն, «կլեպտո» նշանակում է գող, «կլեպտոկրատիա» նշանակում է գողերի իշխանություն, գողապետություն: «Դեմո» նշանակում է  ժողովուրդ, «դեմոկրատիա» նշանակում է՝ ժողովրդի իշխանություն կամ ժողովրդապետություն:

Այդ նույն արմատը հայերենում փոխանցվում է պետություն արմատով, ինչը հիմք է  ծառայում շփոթմունքի համար: Երբեք չշփոթեք պետության ինստիտուտի հետ:

Ընդահանրապես, երբ հայերենում պետություն բառը օգտագործվում է շաղկապված մեկ ուրիշ արմատի հետ, դա նշանակում է ոչ թե պետություն, այլ իշխանական համակարգի բնութագիր: Օրինակ, միապետություն, այսինքն՝ մոնարխիա՝ մեկի իշխանություն: Այնպես որ, երբ մենք օգտագործում ենք ավազակապետություն բառը, նկատի ունենք, և ցանկացած լեզվաբան դա կհաստատի, ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, նրա որակը, կամ եթե կուզեք բնութագիրը: Այնպես որ, պարոն Սահակյան, մենք շատ հարգալից վերաբերմունք ունենք պետության և նրա ինստիտուտների նկատմամբ: Օգտագործելով ավազակապետություն բառը՝ նկատի ունենք ոչ թե պետությունը, այլ՝ իշխանություն բառը, նկատի ունենք ոչ թե պետությունը՝ այլ իշխանություններին: Այսինքն, լիովին տեղավորվում ենք ձեր տված խորհրդի շրջանակներում», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա ընդգծել է, որ եթե իշխանություններն ուզում են ապացուցել, որ ավազակապետություն չեն, ապա թող ցույց տան, որ պատրաստ են անցկացնել  ազատ և արդար ընտրություններ: Եվ իրենց կամքի լավագույն ցուցադրումը, Զուրաբյանի խոսքով, կլինի ՀԱԿ-ի կողմից մշակած ընտրական օրենսգրքի փաթեթի ընդունումը: