Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում թիվ գրելը չափազանց սխալ է, դա նշանակում է քաղաքացիներին ուղարկել անորոշության գիրկ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության առաջարկը, այն է՝ յուրաքնաչյուր տարի նվազագույն աշխատավարձը սահմանել տվյալ տարվա պետական բյուջեի մասին նախագծում՝ հաշվի առնելով հետևյալ երեք գործոնները.
«Առաջին՝ այն չպետք է պակաս լինի 12 ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից: Երկրորդ՝ այն չպետք է պակաս լինի կենսապահովման 2013 թվականի համար 80 տոկոսից, 2014 թվականի և հետագա տարիների համար 100 տոկոսից, և վերջապես երրորդ պարամետրը՝ 2013 թվականի համար նախատեսված միջին ամսական աշխատավարձի 30 տոկոսից, 2014 թվականի համար 40 տոկոսից, 2015 թվականի և հետագա տարիների համար 50 տոկոսից: Այսօր մենք 40 հազար ստացող հանրային ծառայողից պահանջում ենք, որպեսզի ինքն առաջնորդվի բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով: Այդ նույն պետությունը չի տալիս նրան ընտանիքի նվազագույն կենսապահովում ապահովող աշխատավարձ: էդ դեպքում պետությունը, էդ պետությունը բարոյակա՞ն է, թե՞ ոչ: Միանաշանակ ասում ենք՝ ոչ», – ասել է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, համաձայն նախագծի, նվազագույն աշխատավարձը 32500 դրամի փոխարեն դառնալու է 35000 դրամ:
Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատասխանում է, որ համաձայն չէ ՀՅԴ-ի տեսակետի հետ և նշում, որ առաջարկած տարբերակով 2013 թվականին բյուջեից լրացուցիչ կպահանջվի ընդամենը 17 միլիարդ դրամ:
«Եթե 17 միլիարդ դրամ է պահանջվում, որպեսզի այս քաղաքականությունը գործի դրվի, և եթե այս կառավարությունն ի վիճակի չէ լրացուցիչ 17 միլիրադ դրամ ստեղծել, ես կարծում եմ՝ այս կառավարությանը մենք պետք է ասենք՝ ցտեսություն»,- ասել է պատգամավորը և հավելել, որ կառավարությունը առաջնորդվում է պահի իրավիճակի թելադրանքով: