Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանսիսկո Արոյո Վիերային:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ՝ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:
Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին և պարզաբանումներ է տվել այդ կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին և խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել են նաև, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետևանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով: