Արվեստի քննադատ Վարդան Ազատյանի «Արվեստաբանություն և ազգայնականություն» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ի երեկոյան Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում:
Աշխատությունը հետազոտում է 19-20-րդ դարերի գերմանական արվեստաբանության մեթոդները՝ համաշխարհային արվեստի պատմության գրքերում միջնադարյան Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի արվեստների ներկայացման օրինակով: Բացահայտվում է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի և հայ արվեստի գերմանական մեկնաբանություններն ունեցել են հայերի ազգային-մշակութային արդիականացման և Հայաստանում հայ արվեստի ըմբռնման գործում:
Դիմելով ներկաներին՝ Ազատյանը նշել է, որ աշխատությունը շատ մեծ ջանքեր է խլել իրենից և գիրքն արդեն ապրում է իր սեփական կյանքով:
«Ես մոռացել եմ գրեթե ամբողջությամբ, թե ինչ եմ արել այնտեղ: Եթե հարցնեն, ստիպված կլինեմ ջանք թափել հիշելու համար: Դա լավ է ինձ համար, որովհետև ինքն արդեն իր կյանքով է ապրում, և դուք կարող եք անել նրա հետ ինչ ուզում եք. սիրեք, ատեք, նետեք, դրեք ձեր սրտին՝ այն արդեն իմը չէ: Բայց այնտեղ ասվածները իմն են, և այդ պատասխանատվությունից ես չեմ խուսափում»:
Գիրքն արդեն վաճառքում է: Ձեռք բերելու համար ցանկացողները կարող են զանգահարել +375 55 577199 կամ +375 55 372717: Գրքի արժեքն է 5000 դրամ:
Մաշտոցի պողոտայի «Գրքերի աշխարհ» գրախանութում, «Արտբրիջում» գրքերը դրված են զուտ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով: Այդ խանութների կողմից գրքի վրա դրված տոկոսները շատ բարձր են, այնպես որ գիրքը գնելու դեպքում կա՛մ զանգահարեք վերոհիշյալ հեռախոսահամարներով, կա՛մ այցելեք Մաշտոցի պոնչիկանոցի դիմացի հին բուկինիստական խանութ, որտեղ գիրքն արժե 6000 դրամ:
Գիրքը արդեն կարող եք ընթերցել հետեւյալ գրադարաններում.
Ազգային գրադարան, Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահի գրադարան, Գեղարվեստի ակադեմիայի գրադարան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարան, ԱԺԶ տարածքի գրադարան, Ուտոպիանայի գրադարան
Գրքի հեղինակը լայն հանրությանը հայտնի դարձավ «Ուտոպիանա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնության շրջանակներում համացանցում «Վարդան Ազատյան. ազգայինը և հակասությունները» տեսահարցազրույցի հրապարակումից հետո: Այն մեծ տարածում գտավ սոցիալական ցանցերում և լայն քննարկման առարկա դարձավ: