Սիսակյան 22 շենքի 11 բնակարանի նախկին բնակիչ Գայանե Զաքարյանը մտադիր է քաղաքապետարանի դիմաց այրել իրեն և իր անչափահաս երեխային, եթե իր բնակարանի հարցը չլուծվի: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Գայանե Զաքարյանը, ով եկել էր կառավարության շենքի մոտ՝ իր բողոքն արտահայտելու: Մինչև կառավարության նիստի մեկնարկը կինը հասցրել է իր խնդրի մասին հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Երկու անգամ ես փորձում եմ խոսել քաղաքապետի հետ: Առաջին անգամ պատասխանել է, որ առաջնահերթ կքննարկի իմ բնակարանային հարցը: ՀՀԿ-ի տոմսն եմ ցույց տվել: Ասում են՝ թուղթ ա, եթե իրոք թուղթ ա, ես կքաշեմ կճղեմ էս թուղթը: Ես ինչի՞ իմ փոքր երեխայի հետ պետք է ընկնեմ վարձով դռները: Մենք ունենք շատ մեծ ընտանիք: Վթարային շենքում էինք բնակվում, այդ շենքը քանդեցին, բնակարան հատկացրեցին Բաբաջանյան 26/6-ի 26 բնակարանում: Մեկ սենյակի մեջ յոթ անձով հնարավոր չի ապրել, ամուսինս էլ նոր է մահացել, ութ անձ էինք: Հիմա իմ երկու աղջիկների հետ ապրում եմ վարձով, չեմ կարողանում վարձս տալ: Տղաս իր կնոջ և երկու անչափահաս տղաների հետ ապրում են այդ նոր բնակարանում: Բայց ես քաղաքապետարանի այդ որոշումը բեկանել էի տվել, բողոքարկել էի, որ չեմ համաձայնվում մեկ սենյակի համար: Ինձ օրինական 3 պետք է հասնի, իրենք շատ մեծ կեղծիքներ են անում»,- ասել է Գայանե Զաքարյանը:
Վերջինս նշել է, որ քաղաքապետն իրեն խոստացել է, որ կզբաղվի խնդրով և կպատասխանի, սակայն «բնակարանը տվողը ինքը չի եղել»:
«Ասեցի՝ ճիշտ ա, դուք չեք տվել, բայց ուրիշի կեղծիքները դուք փակում եք, ինչի՞ համար եք փակում, որ ինձ օրինական հասնում է, գոնե մի հատ նիշայով փոքրիկ սենյակ էլ տան, ես իրենցից գոհ կմնամ: Բայց եթե քաղաքապետն ասում է՝ ես չեմ բնակարան տվողը, ապա ինչի՞ է ասում, որ առաջնահերթ կքննարկի իմ հարցը: Լիքը ազատ բնակարաններ կան, թող տան, թե չէ ես ինձ իմ երեխայի հետ կվնասեմ. քաղաքապետարանի դռան դեմը բենզինը կլցնեմ կվառեմ երկուսիս էլ և կասեմ՝ իրենց արածն է: Բաց նամակ եմ գրել նաև նախագահին, պատասխան չունեմ: Երկու տարի է՝ վարձով եմ ապրում: 7 անձով տարասեռ երեխեք են, ո՞նց ապրենք մի սենյակում, իմ մի աղջիկն էլ հղի է, բաժանված է»,- ասել է Գայանե Զաքարյանը: