Հայաստանում աշխատատեղերի պակասի խնդիրն ավելի շատ կառուցվածքային է. կան ոլորտներ, որտեղ աշխատողների պակաս կա, և դա օրեցօր ավելի հստակ է, և կան ոլորտներ, որտեղ ունենք հակառակ իրավիճակ՝ մարդիկ աշխատանք են փնտրում և չեն կարողանում այդ խնդիրը լուծել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Մեր աշխատանքային շուկան դեռ վերջնականապես չի եկել այն բալանսին, որը շուկայական տնտեսությունն է պահանջում, մինչդեռ ունենք կառուցվածքային խնդիրներ՝ մարդիկ ցանկանում են այս աշխատանքը, բայց այդ հնարավորությունը չկա, մյուս կողմից՝ գործատուն պահանջարկն ունի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ բավական հետաքրքրական և գրավիչ ոլորտներում, բայց համապատասխան որակավորման մասնագետներ ինչ-ինչ պատճառներով չկան»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարությունում ևս կա մասնագետների պակաս: Նախարարը, մասնավորապես, շատ տարօրինակ է համարում, որ այդ պակասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է:
«Այսինքն՝ խնդիր ունենք բարձրորակ մասնագետների՝ համապատասխան որակավորմամբ: Մենք ունենք խնդիրներ նաև տնտեսության այլ ոլորտներում, և այստեղ շատ հարցեր կան՝ և՛ որակավորման, և՛ աշխատավարձերի բարձրացման:
Աշխատաշուկայի օպտիմիզացիայի և կառուցվածքային փոփոխության խնդիր կա:
Այստեղ խնդիրը շատ ավելի բազմազան է, քան թվում է առաջին հայաքից: Կարևորը, որ հիմա արդեն սկսել են առաջանալ ոլորտներ, որտեղ մենք ունենք աշխատատեղեր և ունենք աշխատուժի պահանջներ: Իհարկե, շատ չեն, բայց կան այդպիսի ոլորտներ», – ասել է Տիգրան Դավթյանը: