Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ.Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2009թ. հոկտեմբեր ամսից մինչև 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գ. Բաբախանյանը, խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:
Մասնավորապես` Երևան, Աշտարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղադրել է ընդհանուր 19 հատ շահումով խաղային ապարատներ եւ վերոնշյալ ժամանակահատվածում դրանց շահագործմամբ իրականացրել է շահումով խաղերի ձեռնարկատիրական, այսինքն` շահույթ հետապնդող գործունեություն: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 3 500 000 դրամի վնաս:
Դատարանը 2012թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Գ. Բաբախանյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման` շահումով խաղերի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով, հայտնում են Դատախազությունից: