«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում փաստաթուղթ է հրապարկել, համաձայն որի այս տարվա սեպտեմբերին Գյումրիի համայնքային բյուջեից «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աշխատակիցների և Իտալիայից ժամանած մասնագետների այցի համար 3 միլիոն 400 հազար դրամ է փոխանցվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցին: Նշենք, որ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին դեռ պաշտոնավարում էր, թեև ամսվա սկզբին Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ էր տարել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ անձի համար հյուրանոցում անցկացնելու մեկ օրվա համար վճարվել է 30 հազար դրամ, իսկ մեկ ճաշի համար 18 հազար դրամ:
Թերթը նշվում է, որ տպավորություն է ստեղծվում, թե Վարդան Ղուկասյանը զբաղվել է Մինասի որմնանկարների «փրկությամբ», սակայն ընդգծում է, որ Մինասի որմնանկարները քաղաքապետարանի շենք տեղափոխելու մասին կնքված պայմանագրի որևէ կետով Գյումրիի քաղաքապետարանը պարտավորություն չի վերցրել հիմնադրամի աշխատակիցների և Իտալիայից ժամանած մասնագետների այցը ֆինանսավորելու համար: