Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադի 2 անդամներն այս պահին դեռևս գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. նրանցից մեկի՝ Վոլոդյա Մաթևոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Еpress.am-ի հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
«Վոլոդիայի մոտ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում՝ ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքներ:Մյուսները, համապատասխան բուժօգնություն ստանալով, տեղափոխվել են բաժանմունքներ», – հայտնել են վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերիի 25-ին, ժամը 13.10-ի սահմաններում կիսակառույց շինության փլուզման հետևանքով տուժածներ Կամո Կագրամանովը, Արման Գրիգորյանը, Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթեվոսյանը, Սիրակ Թովմասյանը, Էդիկ Սուքիասյանը, Ռոբերտ Առաքելյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Երեկ պարզվել է, որ կիսակառույցի շինարարարական աշխատանքներն ընթացել են ընթացակարգի խախտումներով: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կառուցապատող ընկերությունը ստացել էր շինթույլտվություն, սակայն քանի որ չէր հասցրել նշված ժամկետում կառուցումն ավարտել, դիմել էր քաղաքապետարան ժամկետը երկարացնելու խնդրանքով: Հողի վերահսկման և քաղաքաշինության վարչությունը հերթական շրջայցերից մեկի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը նոր տրված ժամկետում էլ չի հասցրել ավարտին հասցնել գործը, ուստի տուգանել էր ընկերությանը ավելին քան 2.200.000 դրամի չափով: