Home / Տեսանյութեր / Խանջյան 20-ի գործով պահանջում են պատժել Երևանի քաղաքապետերին

Խանջյան 20-ի գործով պահանջում են պատժել Երևանի քաղաքապետերին

Երևանի նախկին քաղաքապետեր՝ Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ներգրավվեն քրեական գործում՝ որպես անմիջական մասնակիցներ, քանզի վերջիններիս թողտվությամբ է շարունակվում Երևան քաղաքի մշակութային և ճարտարապետական դիմագիծը այլանդակվել: Այս մասին ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների տարածած հայտարարության մեջ:

Նախաձեռնություններն անդրադառնում են երեկ Խանջյան 20 հասցեում կիսակառույց շինության փլուզմանը՝ մեջբերելով Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի խոսքերն առ այն, որ շինարարական աշխատանքներն ընթացել են առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության: Գևորգյանը նաև նշել է, թե մի անգամ, քաղաքապետի որոշմամբ, կառուցապատողը տուգանվել է 2 միլիոն դրամ և վճարել տուգանքը:

«Սակայն, ինչպես ականատես ենք եղել, շինարարությունը խիստ ինտենսիվ ընթանում էր, և որևէ պետական և տեղական լիազոր մարմին չէր անհանգստացնում կառուցապատողին շինարարությունն անհապաղ դադարեցնելու պահանջով: Բացի Երևանի քաղաքապետարանից՝ հանցավոր անգործություն է ցուցաբերել նաև ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունը, որը պետք է պատասխանատվություն կրի ևս օրենքի ամենայն խստությամբ:

Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույց շենքի ապօրինության մասին մենք բազմիցս ահազանգել ենք և գրավոր պահանջել քաղաքային իշխանությունից հանրային տարածքի հաշվին ընթացող շինարարությունն անհապաղ դադարեցնել և ապամոնտաժել այն: Վերջին անգամ՝  հոկտեմբերի 12-ին գրավոր դիմում և իրավական լուծում պահանջող փաթեթ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն դեռևս պատասխան չենք տացել:

Հաշվի առնելով, որ շենքի շինարարության թույլտվությունը տրվել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից, այն երկարացվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ անգործություն է ցուցաբերել և չի դադարեցրել ակնհայտ ապօրինի շինարարությունը Օղակաձև զբոսայգում՝ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք վերոնշյալ նախկին և ներկա պաշտոնյաներին ներգրավել հարուցված քրեական գործում բացատրություններ տալու և պատասխանատվության ենթարկել նրանց հանցավոր անգործության համար:

Ի վերջո, նրանց անհեռատեսության և անտարբերության արդյունքում անմեղ մարդիկ են տուժում, եթե այսպես շարունակվի, ապա մայրաքաղաքում արտակարգ դրություն կհայտարարվի` քաղաքաշինական տեսանկյունից», – ընդգծում են նախաձեռնությունների անդամները:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ բոլոր ապօրինությունների շարքն ու դրանք իրականացնող պաշտոնատար անձինք վտանգ են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝ տվյալ դեպքում տուժած 11 բանվորների համար:

«ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում համարելու ենք, որ նրանք նույնպես քողարկում են տեղի ունեցած հանցագործությունները», – եզրափակում են նախաձեռնությունները: