Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում «Պետական դավաճանության աջակցություն» հոդվածով մեղավոր ճանաչված Աշոտ Չտրկյանի մայրը` Անահիտ Չտրկյանը:
Նա իր 16-րդ նամակն էր բերել Սերժ Սարգսյանին, որտեղ հայտնում էր, որ իր որդու դեմ ընդունված վճիռը բացարձակապես անհիմն է: Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնում տիկին Անահիտին այսօր ասել են, որ իր նախորդ նամակները «հանձնվել են ում որ պետք է»:
«Գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը նշել է և այժմ էլ նշում է մեղավորների անունները (դատախազ, գնդապետ, փոխգնդապետ և ուրիշներ), բայց նրանք ազատության մեջ են, իսկ մեղադրյալի աթոռին նստած են բոլորովին անմեղ մարդիկ: Առաջին ատյանի դատարանը որդուս 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Քանի որ սա շինծու, սարքովի գործ է, ԱԱԾ քննիչ Ա. Թևանյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, դատախազ Ա. Ամիրզադյանը, դատավոր Մ. Մարտիրոսյանը և մյուսները գործն առաջ են բրթում, նամակներս տեղ չեն հասնում, ձայնս լսող չկա, որովհետև բոլորը վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց: Բոլորն էլ տեղյակ են այս երևակայական գործից, բայց վախենում են ասել` «Թագավորը մերկ է»: Պատժեք մեր երկրում ապրող «սաֆարովներին», որ ես հավատամ Ձեզ»,- գրել է Չտրկյանը: