Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին հնչեցրել է իր «վերջին խոսքը»:
Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է կառավարության շենքի մոտ անցյալ տարվա հոկտեմբերին «Բանակն իրականում» նախաձեռնության անցկացրած ակցիաներից մեկի ժամանակ խուլիգանություն անելու՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հայհոյելու մեջ:
Գասպարին իր վերջին խոսքում հիշեցրել է, որ իր դեմ գործ հարուցած դատախազությունը չի բացահայտել1994 թվականից ի վեր հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան հանգամանքները, Մարտի 1-ի 10 զոհերի մահվան գործերը, մինչդեռ ՀՀ քաղաքացիները վճարում են հարկեր, որոնցից դատախազներն աշխատավարձ են ստանում:
Ակտիվիստը նշել է, որ իր դեմ հարուցված գործն օրինակն է նրա, թե ինչպես է իշխանական ողջ ապառատն աշխատում ՀՀ քաղաքացու և քաղաքացիական հասարակությաւնը ճնշելու համար:
«Ես շարունակելու եմ այդ երևույթների (բանակում մահացության դեպքերի -խմբ.) վրա ուշադրություն հրավիրել: Ի հեճուկս դատախազի` չեմ լռելու: Ես թքած ունեմ այն դատախազության վրա, որ ձեռք է առնում որդեկորույս մայրերին: Դուք կարող եք նայել իմ աչքերին ու չամաչել, որ ձեր քննիչը ստել է: Իմ առավելությունն այն է, որ ես չեմ ստել: Ձեր համար բարոյական նորմն այն է, որ այդ խուլիգանը անցնի ժողովրդի միջով և հրի մարդկանց ու բոլորը լուռ մնան»,- ասել է Գասպարին:
Գործով վճիռը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ին: