Հայաստանն այսօր ունի 45% աղքատ բնակչություն, որին մատչելի չէ խոսել հեռախոսով, երթևեկել տրանսպորտով և այլն: Սա նույնիսկ անդրադառնում է սննդի օրապարենի վրա, այսինքն՝ այսօր սննդում գերակշռում են հացն ու կարտոֆիլը, ինչը առողջ սնունդ համարվել չի կարող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշել է, որ Հայաստանում գնաճի պատասխանատուն Կենտրոնական բանկն է. ունի ծառայություն և՛ մոնիտորինգ անելու՝ գների կուրսը անընդհատ պահելու, և՛ ունի ամենահզոր լծակը՝ երկրում արտադրվող բոլորն ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալը ու գումարի ծավալը պետք է համապատասխանեն:
«Վերջին շրջանում մեր մակրոցուցանիշները ցույց են տալիս, որ ունենք 7,7% տնտեսական աճ և 2,8% գների բարձրացում: 7,7%-անոց աճը վատ չէ, սակայն պետք է մեր մաշկի վրա զգանք տնտեսական ցուցանիշների բարձրացումը, ինչը չկա», – նշել է Պողոսյանը՝ հիշեցնելով որ իրենց բոլոր բողոքները գնաճը զսպելու հարցում ուղղակի ապարդյուն են:
Պողոսյանի խոսքով՝ գների աճի ամբողջական պատկերը ստանալու համար պետք է կատարվի 20-25 ամենաանհրաժեշտ, ամենակենսական ապրանքների ուսումնասիրություն ու դրանց շրջանակում կատարվի հաշվարկը:
«Կան շատուշատ աճպարարություններ, ու ամեն անգամ մենք ընդվզում ենք, որ 100%-անոց թանկացում չի կարելի, սա ուղղակի անհնար է: 3,4,7%-անոց թանկացում դեռ մի կերպ կարելի է ընդունել, բայց ոչ 100%-անոց, ինչպես, օրինակ, մետրոյի ուղևարձը: 40-ից 50 դրամ դառնալուց թռիչքը 20% էր, այսնինչ, օրենքն արգելում էր 3%-ից ավել թանկացում: 20% բարձրացնում են ու մեզ ձեռ են առնում, թե՝ «միևնույնն է, էն 10 դրամի մանրը չեն վերցնում», հետո 50-ը դարձավ 100 դրամ», – ասել է Պողոսյանը:
Ըստ նրա՝ գների աճն անխուսափելի է բոլոր երկրներում, սակայն մի շարք երկրներում եկամուտները՝ թոշակ, նպաստ և այլն, աճում են առաջանցիկ տեմպերով:
«Ասելիքներ ու անելիքներ շատ կան, սակայն ոչ մի դրական տեղաշարժ մեզ մոտ չի նկատվում: 32.500-ից 35.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնելը ծաղր է, որովհետև 32.000-ը չի ապահովում նվազագույն պահանջարկը, նույնն էլ 35.000-ը: Մի կողմից կառավարությունն ասում է, թե չունի հնարավորություն բարձրացնելու, գոնե թող ունենան հստակ ժամանակացույց, ըստ որի նվազագույն աշխատավարձը կհավասարվի զամբյուղին և անգամ գերազանցի: Սա եթե լինի, կարող ենք ասել, որ ևս մի քանի տարի կունենանք արժանապատիվ վարձատրություն», – եզրափակել է Պողոսյանը: