ԱԺ պատգամավորի մեքենաս ո՞րն է: Հոկտեմբերի 26-ին Facebook սոցիալական ցանցում նման մեկնաբանությամբ է հանդես եկել գրող, հրապարակախոս, «Արտաքսված գրողների» միության անդամ, Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը` Վահե Ավետյանը, ով 1992 թվականից բնակվում է Շվեդիայում: Ավետյանն անդրադարձել է այն տեղեկատվությանը, համաձայն որի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իրեն պատկանող ԱԺ պատգամավորի մեքենայի համարները հանձնել է մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին:
«Էս ամեն պատգամավոր մեքենա ունի, ու հատուկ համար: Էս հո լավ հարուստ երկիր է: Շվեդիան երևի շատ աղքատ է Հայաստանի հետ համեմատած», – գրում է Ավետյանը:
Նա նշում է, որ Շվեդիայում, բացի վարչապետից, ոչ ոք ծառայողական մեքենա չունի:
«Թաղամասը, որտեղ ապրում եմ, ունի 65 000 բնակիչ, բյուջեն երեք ու կես միլիարդ է: Չեք սխալվել՝ 65 հազարանոց թաղամասի բյուջեն: Նման թշվառությամբ ինչպե՞ս կարող է երկիրը թույլ տալ, որ կառավարության ու խորհրդարանի անդամները մեքենաներով ֆռֆռան, էն ել հատուկ համարներով», – եզրափակում է գրողը: